Եթե բնավորությունը ծնվում է մարդու հետ, ապա սերը, հարգանքը, վստահությունը ձեռք են բերվում ապրած կյանքով, արած գործով։ «Համազգային վստահություն» խորհուրդը, սոցիալական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա «Միջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտում տարվա որակյալ մասնագետներ պատրաստող» անվանակարգում «Էրեբունի» հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի տնօրեն ԱԼԻՆԱ ՔՈՒՇԿՅԱՆԻՆ պարգևատրեց «Հուսո աստղով»։
«Ծավալուն մասնագիտական, լուրջ գիտական, մեծ կազմակերպչական աշխատանքներ իրականացնելուց առաջ տիկին Ալինա Քուշկյանն առաջին հերթին բարի և լավ մարդ է։ Նորարարությունների նկատմամբ նա յուրահատուկ զգացողություն ունի և կարողանում է դրանք շատ ավելի վաղ կանխատեսել ու կյանքի կոչել։ «Էրեբունի» բժշկական քոլեջը, որը հիմնադրել և ղեկավարում է տիկին Քուշկյանը, վկայությունն է իրականացված հսկայական աշխատանքի։ Ես տեսել եմ՝ ինչպիսի մեծ հեղինակություն է վայելում Ալինա Քուշկյանը միջազգային ատյաններում։ Նա կարողացել է Հայաստան հրավիրել մեծ ճանաչում ունեցող մասնագետների, իրականացնել միջազգային մասնագիտական խոշոր համաժողովներ։ Այդ ճիշտ քաղաքականության շնորհիվ միջազգային մասնագիտական քարտեզի վրա Հայաստանի անունը գրվել է մեծատառով»,- հանձնելով պարգևը՝ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Այն, որ «Էրեբունի» հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջը տարեցտարի զարգանում և ընդլայնում է միջազգային կապերը, վկայում են փաստերը։ Այս տարի միջազգային բուժքույրական «Սիգման Տետատաո» պատվավոր միությունը քոլեջի բուժքույրական գործի կառավարում բաժինը պաշտոնապես ճանաչել և ընդգրկել է իր կազմում՝ որպես մասնաճյուղ։ Սա, ինչ խոսք, լուրջ ձեռքբերում է։ Ի դեպ, քոլեջի կրթական որակի մասին են փաստում նաև շրջանավարտները, որոնք հաջողությամբ աշխատում են հանրապետության առաջատար կլինիկաներում։ «Համազգային վստահության պարգևը մեր ամբողջ կոլեկտիվինն է և ուսանողներինը։ Նրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք բարձրորակ աշխատանք իրականացնել»,- շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ ասաց «Էրեբունի» հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի տնօրենը։ Տարբեր անվանակարգերում «Հուսո աստղի» արժանացան նաև 30-ից ավելի բժիշկներ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ